Անիի և Գոռի համատեղ կյանքն արդեն հինգ տարվա պատմություն ուներ:
Այդ տարիների ընթացքում նրանց օջախում այդպես էլ մանկան ճիչ չհնչեց:
Չնայած երեխա չունենալու դատարկությանը, նրանք ապրում էին կատարյալ հաշտության ու սիրո մեջ՝ երբեք թույլ չտալով, որ այդ բացը ստվեր գցի իրենց երջանկության վրա. նրանք պարզապես հավատում էին, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի:
Սակայն անդորրը երկար չտևեց.
Անսպասելի ու անդառնալի մի դեպք վերջ դրեց նրանց խաղաղությանը՝ ամուսինների կյանքը վերածելով իսկական դժոխքի:
Գոռն իր օրերն անցկացնում էր անշարժ գույքի գործակալությունում, իսկ Անին, անտեսելով համալսարանական բարձր առաջադիմությունն ու կարմիր դիպլոմը, տանը նստած չէր սպասում երազանքների աշխատանքին. նա տեղավորվել էր սուպերմարկետներից մեկում որպես գանձապահ, միայն թե օգնի ամուսնուն:
Նրանք օր ու գիշեր, ուս ուսի տված աշխատում էին, որպեսզի կարողանան հոգալ օրեցօր ավելացող ծախսերը:
Երկար տարիներ վարձով պատերի մեջ ապրելուց հետո, վերջապես, նրանց ժպտաց կյանքը. հիփոթեքով նոր բնակարան գնեցին՝ իրականացնելով սեփական հարկի տակ ապրելու մեծագույն երազանքը:
Այդ հինգ տարիների ընթացքում ամեն մի լուման խնայելով՝ նրանց հաջողվել էր զգալի կանխավճար կուտակել և բանկի աջակցությամբ ձեռք բերել իրենց սեփական չորս անկյունը:
Այդ վճռական քայլին գնալուն նպաստեց նաև Գոռի առաջխաղացումը. նրան առաջարկել էին գլխավոր հաշվապահի պաշտոնը, ինչն էլ ավելի վստահություն ներշնչեց ամուսիններին:
Թեև նոր տանը դեռ հազար ու մի չարված գործ կար, երկուսն էլ անսահման երջանիկ էին:
Բանկի ֆինանսավորումը բավականացրել էր միայն պատերը գնելուն, իսկ վերանորոգման ծանր ու ծախսատար գործը պետք է անեին սեփական ուժերով:
Սակայն նրանց երջանկությունը փշրվեց մեկ ակնթարթում, երբ մի օր իրավապահ մարմինների ներկայացուցիչները անսպասելիորեն ներխուժեցին Գոռենց գրասենյակ:
Պարզվեց՝ ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, տևական ժամանակ խոշոր չափերի հարկեր էր թաքցրել պետությունից:
— «Մենք այս ամենի հետ որևէ կապ չունենք, ողջ ֆինանսական պատասխանատվությունը կրում է գլխավոր հաշվապահը:
Բոլոր հարցերով դիմեք նրան»․
-Քննիչների ներկայությամբ սառնասրտորեն հայտարարեց տնօրինությունը՝ փորձելով ողջ մեղքը բարդել Գոռի վրա:
Իրականում Գոռը բացարձակապես անմեղ էր. ողջ խարդախությունն արվել էր նրանից գաղտնի, իսկ նրան ներկայացվել էին միայն կեղծված ու սխալ տվյալներ:
Նրա միակ մեղքն ու ցավն այն էր, որ ինքը բավականաչափ ուշադիր ու կասկածամիտ չէր գտնվել. հակառակ դեպքում, գուցե ժամանակին նկատեր այդ կասկածելի անորոշությունները:
Մինչ քննության ավարտը ընկերության գործունեությունն ամբողջությամբ կասեցվեց, իսկ Գոռին խայտառակ ձևով հեռացրին աշխատանքից:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում փշրվեց նրա և կնոջ տարիների նվիրական երազանքը, բայց սարսափն այսքանով չէր սահմանափակվում:
Եթե նրանք չկարողանային ժամանակին մուծել հիփոթեքի ամսական վճարները, ապա ընդամենը ամիսներ առաջ ձեռք բերված բնակարանը, որի արժեքի շուրջ 70 %–ն արդեն վճարել էին սեփական քրտինքով, պարզապես կխլվեր բանկի կողմից, ու իրենք կմնային փողոցում՝ ձեռնունայն:
Մի քանի օր շարունակ Գոռը չէր կարողանում ուժ գտնել իր մեջ և կոտրել կնոջը, ուստի ամեն առավոտ, կեղծ ժպիտը դեմքին, դուրս էր գալիս տանից, իբրև թե շտապում է աշխատանքի:
Անին ամեն երեկո, երբ միասին ընթրում էին, սեղանին էր փռում վերանորոգման տարբեր նախագծեր ու անդադար ոգևորված խոսում, թե ինչպես են դասավորելու իրենց նոր տունը:
— «Տես, Գո՛ռ, եթե հյուրասենյակի այս պատը բաց գույնով ներկենք, տունն ավելի ընդարձակ ու լուսավոր կերևա»․
-Սիրով ու հույսով լեցուն աչքերով ամուսնուն էր նայում Անին:
Կնոջ աչքերն այնքան վառ էին փայլում երջանկությունից, որ Գոռը պարզապես չէր համարձակվում նայել նրա դեմքին ու պատմել ահասարսուռ իրականությունը. նա պատրաստ չէր սեփական ձեռքերով հանգցնելու այդ կրակը:
Մի օր էլ, երբ Գոռն աննպատակ ու հուսահատ թափառում էր քաղաքի ցրտաշունչ փողոցներում՝ տագնապով մտորելով ելքերի մասին, Անին անսպասելիորեն զանգահարեց նրան:
— «Սիրելիս, չես պատկերացնի, թե ինչ անակնկալ ունեմ քեզ համար:
Խնդրում եմ, միայն թե չբարկանաս, երբ իմանաս արժեքը. այն 1000 դոլարից ավելի է, բայց այնքան շքեղ ու գեղեցիկ էր, որ պարզապես չկարողացա դիմանալ գայթակղությանը.
Կահույքի սրահում մի հրաշք բազմոց տեսա ու վարկով ձևակերպեցի:
Ոչինչ, իմ գանձապահի աշխատավարձով կփակեմ, միայն թե մեր նոր տանը լինի»․
-Հեռախոսի մեջ հևալով, անսահման ոգևորված պատմում էր կինը:
Գոռը, զգալով, որ հեսա հունից դուրս կգա ու բարկությունից կգոռա, անմիջապես անջատեց հեռախոսը:
Անին վայրկյաններ անց նորից զանգեց՝ այս անգամ արդեն տարակուսած ու անհանգիստ ձայնով:
— «Գո՛ռ, ինչո՞ւ անջատեցիր, խոսքս կիսատ մնաց».
-Հարցրեց նա:
— «Կներես, հիմա հարմար չէ խոսել, հետո կզանգեմ»․
-Հազիվ զսպելով հուզմունքը՝ սառը պատասխանեց ամուսինը:
Բայց Անին այնքան տարված էր իր գնումով, որ անգամ չնկատեց ամուսնու ձայնի փոփոխությունը և սկսեց համառորեն հարցուփորձ անել՝ ցանկանալով` լսել նրա կարծիքը:
— «Բայց չասացիր՝ չե՞ս ուրախացել, մի՞թե չես ուզում իմանալ, թե ինչ գույնի է»․
-Շարունակում էր հարցնել Անին՝ վստահ լինելով, որ ամուսինը կիսում է իր բերկրանքը:
— «Մենք արդեն հինգ տարի է, ինչ միասին ենք, և վերջապես կարող ենք մեզ թույլ տալ մի փոքր շքեղություն:
Մենք արժանի՛ ենք դրան, Գո՛ռ»․
-Հեռախոսի մեջ երջանիկ շարունակում էր ծլվլալ Անին՝ չհասկանալով, որ իրենց համար այդ արժեքի ցանկացած իր հիմա անհասանելի մի ճոխություն էր:
Լսելով կնոջ չդադարող, անհոգ ձայնն ու անդադար ոգևորությունը՝ Գոռն այլևս չկարողացավ իրեն տիրապետել, և տարիների զսպվածությունը մեկ վայրկյանում պայթեց:
— «Բավակա՛ն է, լռի՛ր: Դու գոնե մի վայրկյան մտածո՞ւմ ես, թե ինչ ես անում:
Ի՞նչ շքեղություն, ի՞նչ հիմար ու անիմաստ ծախսեր»․
-Կատաղության ու հուսահատության խառնուրդից դողացող ձայնով գոռաց ամուսինը՝ կտրելով կնոջ խոսքը:
Կուրացնող զայրույթն ու կոկորդին սեղմող ցավը ստիպեցին, որ նա հենց այդտեղ՝ փողոցի մեջտեղում, կնոջ վրա թափի ողջ դաժան ճշմարտությունը:
— «Ոչ մի վերանորոգում էլ չի լինելու, Անի՛: Լսո՞ւմ ես ինձ, ո՛չ մի տուն:
Մենք կորցնում ենք մեր բնակարանը, այն ամենը, ինչի համար հինգ տարի արյուն-քրտինք ենք թափել:
Ես էլ աշխատանք չունեմ, ինձ հեռացրել են»․
-Հևալով պատմում էր Գոռը՝ զգալով, թե ինչպես է հեռախոսի մյուս ծայրում տիրում մահացու լռություն:
Սակայն խնդիրը միայն ֆինանսական աղետը չէր.
Գոռը ստիպված էր բացել նաև ամենասարսափելի քարտերը, քանի որ նրանց գլխին կախված էր քրեական գործի սպառնալիքը, որտեղ ինքն այս պահին գլխավոր կասկածյալն էր:
— «Եթե դատարանում չկարողանամ ապացուցել անմեղությունս, ինձ ոչ միայն կդատեն, այլև պետությանը պատճառված ողջ հսկայական պակասորդը ստիպված կլինեմ մուծել իմ սեփական գրպանից, որը հիմա դատարկ է»․
-Հհուսահատությունից խեղդվելով ավելացրեց ամուսինը:
Եկավ ձմեռն ու արդեն դեկտեմբեր ամիսն էր, և դռանն էր հայտնվել Ամանորը:
Ամուսինները վաղուց որոշել էին տոնը դիմավորել իրենց նոր, թեկուզ կիսատ բնակարանում. գնել միայն շամպայն, պատրաստել մի քանի համեստ խորտիկ ու ուղիղ կեսգիշերին խմել ազատ ու երջանիկ կյանքի կենացը:
Չէ՞ որ ասում են՝ Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի, ու նրանք ամբողջ հոգով երազում էին, որ այդ հրաշքն իրականանա:
Տունը դատարկ էր ու անշուք, բայց նրանց անսահման սերն ու ջերմությունը լիովին բավական էին այդ դատարկությունը լցնելու համար:
Սակայն իրականությունը դաժան էր.
Գումար տնտեսելու նպատակով նրանք ստիպված եղան շտապ հանձնել այն տունը, որտեղ վարձով էին բնակվում:
Խնդիրն այն էր, որ քրեական գործի պատճառով ոչ մի լուրջ ընկերություն Գոռին աշխատանքի չէր ընդունում, իսկ նախկինին գոնե մոտ վարձատրությամբ գործ գտնելն այդ շրջանում պարզապես անհնար էր:
Բայց, ինչպես միշտ, ամուսինները մնացին հավատարիմ ու անդավաճան.
Փոխանակ վեճեր սարքելու, նրանք որոշեցին ուս ուսի տված հաղթահարել բոլոր փորձությունները:
Գոռը պինդ էր, ուժեղ ու պատրաստ ցանկացած հարվածի, սակայն նրանց սիրտը կտոր-կտոր եղավ ցավից, երբ լսեց կնոջ խոսքերը:
Անին արցունքոտ աչքերով նայեց ամուսնուն ու հազիվ զսպելով հեկեկոցը ասաց․
—«Ափսոս, ես այնքան էի ուզում կեսգիշերին մեր նոր տանը երազանք պահել, որ մեր ապագա բալիկն այդ հարկի տակ անի իր առաջին քայլերը:»
Շուտով եկավ վարձով տունը հանձնելու ծանր օրը, և նրանք տեղափոխվեցին Գոռի հայրական տուն, որտեղ ծնողները միասին էին ապրում:
Երեք սենյականոց բնակարանի մի փոքրիկ սենյակը բաժին հասավ նրանց, բայց հենց առաջին իսկ օրվանից Գոռի մայրը հստակ հասկացրեց, որ ամենևին էլ ուրախ չէ նրանց ներկայությամբ:
Տիկին Սիլվան դժգոհ էր նաև մեկ այլ՝ շատ ցավոտ հարցով, քանի որ անդադար որդուց թոռ էր պահանջում:
Նա խստադեմ նայեց որդուն ու բարկացած տոնով խոսեց՝ հերթական անգամ հանդիմանելով նրան:
—«Լսիր ինձ, Գոռ, գնա՛ ու կնոջդ վերջապես տա՛ր բժշկի, թող լուրջ հետազոտությունների անցնի, տեսնենք՝ ինչն է խնդիրը:»
Գոռը փորձեց հանդարտեցնել մորը՝ հազիվ զսպելով ներքին տագնապն ու հուսահատությունը:
—«Մամ ջան, դրա կարիքը բնավ չկա, դա միայն մեր անձնական գործն է ու միայն մեր խնդիրը:»
Անին բազմիցս ականատես էր եղել այդ տհաճ ու նվաստացուցիչ խոսակցություններին, բայց միշտ լռում էր, որպեսզի ավելորդ կոնֆլիկտ ու լարվածություն չստեղծի տանը:
Բայց այս անգամ արդեն ամեն ինչ լիովին այլ էր:
Հիմա նրանք հայտնվել էին Սիլվայի հարկի տակ, ու պարզ էր, որ այդ ցավոտ թեման դառնալու էր տան առաջնային հարցերից մեկը:
Եթե այն ժամանակ Սիլվան այդ հարցը շահարկում էր միայն այն ժամանակ, երբ ինքն էր հյուր գնում որդուն, կամ իրենք էին գալիս հայրական տուն, ապա այսուհետ ակնհայտ էր, որ դրանից խուսափելն անհնար էր լինելու:
Անին ամեն ինչ շատ լավ հասկանում էր, ու նա գիտեր, թե ինչպիսի դժոխք է իրեն սպասվում:
Բայց նա նաև անսահման ցավում էր ամուսնու համար ու որոշեց, որ անկախ ամեն ինչից պետք է կիսի Գոռի խնդիրները, քանի որ իրենք մեկ ամբողջություն են, և պատրաստ էր կուլ տալ բոլոր անհարմար իրավիճակները:
Գոռին հաջողվեց կնոջ ծանոթների միջոցով աշխատանքի անցնել նույն սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ ուշ երեկոյան, որպես առաքիչ, ընկնում էր փողոցները:
Նա տուն էր գալիս ուշ գիշերին, քանի որ այլ ելք չկար. պետք էր արյուն-քրտինքով աշխատել, որպեսզի կարողանային գոնե մարել հիփոթեքի վարկերը:
Առաջին երկու շաբաթը Սիլվան ինչ-որ հրաշքով կարողացավ զսպել իրեն:
Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ նրանց տուն եկավ Գոռի քույրը՝ Մարինեն, և Ամանորի նախաշեմին մեծ անակնկալ մատուցեց ծնողներին՝ հայտնելով, որ հղի է:
Մարինեն արդեն իր երրորդ երեխային էր սպասում:
Այդ գիշեր, երբ Գոռն աշխատանքից դեռ տուն չէր վերադարձել, ընտանիքը սեղանի շուրջ նշում էր Մարինեի հղիության բերկրալի լուրը:
Անին անկեղծորեն ուրախացել էր ամուսնու քրոջ համար և թույլ չէր տալիս, որ նա սեղանի շուրջ որևէ ծանր գործ անի:
Երեկույթն անցնում էր ջերմ ու ուրախ, մինչև այն նենգ պահը, երբ Սիլվան հայացքը սևեռեց հարսին:
— «Հարսի՛կ ջան, ավելի լավ կլիներ, որ հիմա Մարինեն լիներ քո տեղում՝ սեղան գցեր ու հավաքեր, իսկ դու նրա տեղում հղի լինեիր»․
-Քամահրանքով ասաց նա:
Սիլվան այնքան էր տարված՝ որդուց երեխա ունենալու մոլուցքով, որ անգամ չգիտակցեց, թե իր այդ դաժան արտահայտությամբ որքան խորը վիրավորեց ոչ միայն հարսին, այլև սեփական դստերը:
Անին ոչինչ չպատասխանեց, միայն լուռ ու կոտրված ժպտաց և, ասես ոչինչ չի եղել, շարունակեց սեղանը հավաքել, ինչից հետո, ներողություն խնդրելով, արագ փակվեց իր սենյակում:
Սիլվան փորձեց շարունակել թունոտ թեման, սակայն դուստրը թույլ չտվեց:
— «Մա՛յրիկ, վերջապես հանգի՛ստ թող Անիին, բավական է»․
-Մորը սաստեց Մարինեն:
Սիլվայի ամուսինը՝ Սահակը, ինչպես միշտ, ոչ մի բանի չէր խառնվում:
Հոգու խորքում նա շատ հարցերում համաձայն չէր կնոջ հետ, բայց երբեք չէր արտահայտվում, որպեսզի տանը կռիվ չառաջանա, քանի որ գիտեր՝ եթե կինը հիստերիայի մեջ ընկնի, ընդունակ է ամեն ինչ կործանելու:
Այդ օրերին նմանատիպ տհաճ իրավիճակներ ու ակնարկներ շատ եղան Սիլվայի կողմից, բայց Անին, իր մեջ գերմարդկային ուժ գտնելով, համբերատար լռում էր ու ամուսնուն ոչինչ չէր պատմում, որպեսզի նրան ավելորդ ցավ չպատճառի:
Բայց ամեն ինչ պայթեց, երբ Ամանորի գիշերը, հրավիրված հյուրերի ներկայությամբ, Սիլվան որոշեց բացահայտ նվաստացնել հարսին:
— «Անի՛ ջան, քեզ համար հրաշալի բժիշկ եմ գտել, տոնական օրերից հետո անպայման կգնաս հատուկ ստուգումների»․
-Բարձրաձայն, հյուրերի մոտ ասաց նա:
Երբեմնի համեստ ու լուռ Անին այս անգամ չդիմացավ ու որոշեց չլռել:
— «Մայրի՛կ, ավելի ճիշտ կլիներ, եթե Դուք Ձեզ համար մի լավ հոգեբան գտնեիք, այլ ոչ թե անդադար խառնվեիք մեր ընտանեկան, նեղ անձնական հարցերին»:
-Հյուրերի ներկայությամբ կտրուկ հակադարձեց նա:
Սիլվան, կատաղելով ու սաստիկ վիրավորվելով հարսի համարձակ պատասխանից, բղավեց նրա վրա:
— «Լսի՛ր, հերիք չի եկել, փաթաթվել ես վզիս ու իմ հացն ես ուտում, դեռ մի բան էլ հյուրերի մոտ ինձ հետ լկտիաբար ես խոսում, կորի՛ր այս տնից»:
-Բարկացած դուրս հրավիրեց նա:
Գոռը, տեսնելով հյուրերի ապշած հայացքները, փորձեց ամեն գնով մեղմել իրավիճակը:
— «Բավակա՛ն է, երկուսդ էլ լռե՛ք ու գոնե հարգեք սեղանի շուրջ նստած հյուրերին»:
-Հրամայեց նա:
Անին առանց որևէ ավելորդ բառ ասելու վեր կացավ սեղանից, շտապ հագնվեց ու դուրս թռավ տնից:
Գոռն անմիջապես նետվեց կնոջ հետևից, որպեսզի հանգստացնի նրան ու հետ բերի:
Մի քանի րոպե ցրտին մնալուց հետո, Անին, փորձելով ամուսնու սրտով գնալ ու նրան ավելի չցավեցնել, համաձայնեց վերադառնալ և հյուրերից ներողություն խնդրեց:
Օրերն անցնում էին, բայց Սիլվայի կողմից երեխա ունենալու թեման օրեցօր ավելի էր խորանում ու դառնում անտանելի:
Անին այլևս ի վիճակի չէր հանդուրժելու այդ ամենօրյա հոգեբանական ճնշումը:
— «Գո՛ռ, ես խնդրում եմ քեզ, շատ լուրջ խոսիր մորդ հետ, վերջապես պահանջիր կամ խնդրիր, որ ինձ հանգիստ թողնի»:
-Հուսահատված աղաչեց նա:
Գոռը, ապրելով ծնողների հարկի տակ, չէր համարձակվում կոպիտ կարգի հրավիրել նրանց, բայց ամեն ինչ այսպես թողնել նույնպես անհնար էր:
— «Անի՛, ես խոստանում եմ, որ կխոսեմ մորս հետ ու կփորձեմ համոզել նրան, բայց դու էլ, խնդրում եմ, քեզ ավելի հանգիստ պահիր ու մի՛ սադրիր նրան»:
-Կնոջը դիմեց նա:
Ամուսնու այս խոսքերը պարզապես ապշեցրին ու հուսահատեցրին Անիին, չէ՞ որ ինքն այս հինգ տարվա ընթացքում բացի անվերջ համբերելուց ու կուլ տալուց ուրիշ ոչինչ չէր արել:
ի առավոտ, երբ ամուսինները պատրաստվում էին գնալ աշխատանքի, Գոռի հեռախոսին զանգ եկավ:
Զանգողը ոստիկանությունից էր, և նրանից խնդրեցին անհապաղ ներկայանալ բաժին:
Այդ լուրն էլ ավելի աղարտեց նրանց առանց այդ էլ խամրած ու սառը տրամադրությունը:
Տիկին Սիլվան, տեղեկանալով, որ որդուն նորից կանչել են իրավապահները, սկսեց ծայրահեղ լարվել ու բարկանալ:
Նա կատաղած հայացքով շրջվեց դեպի հարսը՝ ողջ մեղքը բարդելով նրա ուսերին:
— «Այս ամենի միակ մեղավորը դո՛ւ ես քո հիմար ու անհագ երազանքներով, եթե որդուցս անդադար նոր տուն ու վերանորոգում չպահանջեիր, նա երբեք նման խնդիրների մեջ չէր ընկնի»:
-Բղավեց նա և շարունակեց․
— «Դու քո անվերջանալի քմահաճույքներով միայն խանգարում էիր նրան, շեղում էիր աշխատանքից ու թույլ չէիր տալիս, որ կենտրոնացած գործ անի։
Ախր դու ուրիշ ինչի՞ ես պիտանի, բացի սովորական սուպերմարկետում որպես խղճուկ գանձապահ աշխատելուց»:
-Արհամարհանքով ավելացրեց նա:
Տանը բռնկված լարվածությունն արագ վերածվեց բուռն վեճի:
Գոռը, սակայն, հոգնած ու անտարբեր հայացքով նայեց նրանց ու լուռ դուրս եկավ տնից:
Անին սաստիկ նեղվեց ու կոտրվեց, բայց դրա պատճառը ոչ թե սկեսուրի թունոտ վիրավորանքներն էին, այլ ամուսնու այդօրինակ պահվածքը:
Նա, իհարկե, ամեն կերպ փորձում էր մտնել Գոռի դրության և նրա ծանր հոգեվիճակի մեջ, բայց ամեն անգամ նման սառնությունն ու անտարբերությունը հանդուրժելն արդեն վեր էր իր ուժերից. չէ՞ որ ինչ-որ մեկն էլ պետք է գոնե մի անգամ փորձեր հասկանալ իրեն:
Տևական ժամանակ անց Գոռի ու կնոջ հարաբերությունները վերջնականապես սառցակալեցին:
Թվում էր, թե անհնար էր մարել նրանց մեջ վառվող սիրո կրակը, բայց, ցավոք, Սիլվային հաջողվեց անել դա:
Բանը հասավ նրան, որ վերջին շրջանում մայրը բացահայտ սկսել էր համոզել որդուն՝ կյանքը կապել մեկ ուրիշ, նոր կնոջ հետ:
Անին երբեմն մենակ մնալով զարմանում էր, թե ինքն ի վերջո ինչ է արել, որ սկեսուրն այսքան թշնամաբար է տրամադրված իր հանդեպ:
Նրա բանականությունը պարզապես չէր կարողանում ընկալել այն դաժան միտքը, որ հինգ տարի երեխա չունենալու փաստը կարող էր Սիլվային վերածել նման հրեշի:
Գոռը սկսել էր աշխատանքից տուն վերադառնալ ուշ գիշերին:
Շատ անգամներ լինում էր, որ նա ծանր հերթափոխից հետո ոչ թե շտապում էր օջախ, այլ պարզապես ժամերով աննպատակ քայլում էր փողոցներում:
Տանը հաճախակի դարձած, հյուծող վեճերը վերջնականապես սպառել էին նրա ներքին ուժերը:
Ու ինչպես որ շատ հաճախ է պատահում նմանատիպ անելանելի իրավիճակներում, նա աստիճանաբար սկսեց իր միակ մխիթարությունն ու փրկությունը գտնել ալկոհոլի մեջ:
Արդեն կես տարուց ավելի էր անցել այն տագնապալի օրվանից, ինչ նրանք տեղափոխվել էին ամուսնու հայրական տուն:
Երբեմնի հարազատ ու անբաժան հոգիներն այժմ վերածվել էին օտարների և այլևս չէին կարողանում հանդուրժել միմյանց ներկայությունը:
Ու մի օր էլ, հերթական դաժան վիճաբանության ժամանակ, ամեն ինչ սահմաններից դուրս եկավ:
— «Եթե մի քիչ արժանապատվություն ունես, հենց այսօր կհավաքես իրերդ, կհեռանաս մեր տնից ու վերջապես հանգիստ կթողնես իմ ընտանիքը»:
Մոլեգնած պատվիրեց Սիլվան:
Հենց այդ պահին Գոռը հարբած ու ծանր քայլերով տուն մտավ:
Տեսնելով մոր խռովահույզ ու իբրև թե հուսահատ վիճակը՝ նա միանգամից բորբոքվեց ու զայրույթով հարձակվեց կնոջ վրա:
— «Աղջի՛, էս ի՞նչ օրն ես գցել մորս, մինչև ե՞րբ պիտի քո պատճառով էս տանը կռիվ լինի»:
-Կասկածամիտ հայացքով մեղադրեց նա:
Տիկին Սիլվան փայլուն գիտեր, թե որդու ներսում ինչպես պետք է արթնացնի խղճահարությունն ու նրան վերջնականապես տրամադրի հարսի դեմ:
Ցավոք, նա կյանքում չուներ այլ դրսևորումներ ու որակներ, հակառակ դեպքում՝ թատրոնի բեմում անկասկած փայլուն դերասանուհի կլիներ:
Կուրացնող զայրույթի ու հարբեցողության այդ նախճիր պահին Գոռն անսպասելիորեն ապտակեց կնոջը:
Նա կոպտորեն բռնեց Անիի թևից ու ուժգին հրեց դեպի դուռը:
— «Մինչև չսովորես մորս հարգել, դու իրավունք չունես այս տուն ոտք դնել»:
-Կատաղած մռնչաց նա:
Անին, այտի սուր ցավից ու կատարվածի սարսափից շփոթված, հայտնվեց դռան մյուս կողմում՝ մեն-մենակ:
Գոռը նույնիսկ չփորձեց լսել նրան, պարզել ճշմարտությունը կամ հասկանալ, թե ով է իրականում մեղավորը:
Գիշերվա ուղիղ ժամը երկուսն էր, և այդ սառնամանիքին նա պարզապես գնալու տեղ չուներ. նույնիսկ գրպանում տաքսու գումար չկար, որպեսզի հասներ իր հայրական տուն:
Բացի այդ, նրա արժանապատվությունը թույլ չէր տալիս, որ սեփական ծնողներն իրեն տեսնեն նման նվաստացած ու ողբերգական վիճակում:
Այսքան տարի, ի թիվս հազար ու մի վեճերի, Անին երբեք լքելու միտք չէր ունեցել՝ համոզված լինելով, որ փախուստն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:
Ու հիմա, այսքան զոհաբերություններից ու նվիրումից հետո, նա հայտնվել էր բաց երկնքի տակ՝ վիրավորված, անօգնական ու ցրտից կծկված:
Նա մի քանի անգամ դողդոջուն ձեռքերով թակեց սառը դուռը:
— «Գո՛ռ, խնդրում եմ, բա՛ց արա դուռը, դրսում շատ ցուրտ է»:
Հեկեկալով աղերսեց նա:
Բայց ներսից միայն մահացու լռություն էր լսվում:
Հասկանալով, որ ամուսնու սիրտը քարացել է, Անին որոշեց շտապ իջնել շենքի բակ, որպեսզի հարևաններից որևէ մեկը հանկարծ չտեսնի իրեն այդ խղճուկ վիճակում:
Առավոտյան, երբ Գոռը սթափված ու գլխացավով դուրս եկավ տնից՝ աշխատանքի շտապելու, բակում հանկարծ քարացավ տեղում:
Տաղավարի նստարանին, ցրտից կապտած ու կծկված, քնով էր անցել իր կյանքի միակ հարազատ հոգին:
Ամոթն ու ուշացած խիղճը մեկ վայրկյանում համակեցին տղամարդուն, նա վազեց կնոջ մոտ ու սկսեց թափահարել նրա սառած ուսերը:
— «Անի՛ ջան, այ Անի՛, արթնացի՛ր, խնդրում եմ քեզ, ներիր ինձ ու տո՛ւն գնա»:
-Արցունքախառն ձայնով շշնջաց նա:
Գոռին թվում էր, թե կինն այդ գիշեր երևի, այսպես ասած, հայրական տուն էր գնացել, և այդ պատճառով էլ նույնիսկ չէր զանգահարել նրան:
Անին, տեսնելով ամուսնուն, առանց որևէ նախատինքի ու հարցուփորձի, միանգամից նետվեց նրա գիրկը, պինդ փաթաթվեց ու դառնագին սկսեց լաց լինել:
Անիին չճանաչողը երևի թե կմտածեր, թե այս ինչ անինքնասեր կին է, որ այսքան նվաստացումից հետո փոխանակ ընդմիշտ հեռանա, դեռ մի բան էլ գրկում է ամուսնուն:
Բայց Անիին բնավ չէին հետաքրքրում այլոց դատարկ կարծիքները:
Նա շատ լավ հասկանում էր, որ իր սիրելի Գոռը պարզապես փոխվել է, և փոխանակ ինքն էլ նույն սառնությամբ պատասխանի, ամեն գնով փորձում էր նրան հետ բերել դեպի լույսը:
Նա հստակ գիտեր, որ ամուսինն իրականում այն դաժան մարդը չէ, ով իրեն այդպես պահեց դռան շեմին, այլ գլխին թափված բազում հոգսերն ու անելանելի խնդիրներն էին արել իրենց սև գործը:
Անին, ավելի պինդ սեղմվելով տղամարդու կրծքին, դողացող ձայնով խոստովանեց:
— «Գո՛ռ, ես վախենում եմ, սաստիկ վախենում եմ»:
-Հեկեկալով ասաց նա:
Նրա մեծագույն տագնապը ոչ թե սեփական անձի կամ տնից հեռանալու վախն էր, այլ այն դաժան գիտակցումը, որ իր Գոռը կարող է վերջնականապես կործանել սեփական կյանքը՝ իր հետ, թե առանց իրեն:
Գոռի սիրտը սեղմվեց այդ անձնվեր սիրուց, և նա երդվեց, որ կանի ամեն բան, որպեսզի նման սարսափ այլևս երբեք չկրկնվի:
Նա անվերջ ներողություն էր խնդրում, ջերմորեն համբուրում էր կնոջ սառած դեմքն ու առաջարկեց երեկոյան միասին ռեստորան գնալ՝ առօրյա մղձավանջից մի փոքր կտրվելու համար:
Անին էլ իր հերթին խոստացավ, որ կփորձի էլ ավելի հանդուրժող ու համբերատար լինել տանը:
Գոռն անմիջապես վստահեցրեց, որ հենց հիմա կմտնի ու շատ լուրջ կխոսի մոր հետ:
Ամուսինները վերջնականապես հաշտվեցին և ձեռք ձեռքի տված միասին բարձրացան տուն:
Երբ դուռը բացեցին, տեսան, որ Սիլվան հեկեկալով լաց է լինում:
Գոռն անհանգստացած ու տագնապած հարցրեց:
— «Մա՛մ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այս վիճակում»:
Որդուն նայելով՝ Սիլվան սկսեց ողբալ։
Պարզվեց, որ դստեր՝ Մարինեի ամուսինը լքել է նրան ու տեղափոխվել ուրիշ կնոջ մոտ:
Տղամարդուն չէր կանգնեցրել անգամ այն փաստը, որ կինը երկու երեխա ունի և գտնվում է հղիության վերջին շրջանում. ամեն օր սպասվում էր, որ Մարինեի ցավերը կբռնեն, ու նրան կտեղափոխեն ծննդատուն:
Անին, սկեսուրի հանդեպ ունեցած իր բոլոր բացասական զգացմունքներն ու վիրավորանքները մի կողմ թողնելով, մոտեցավ ու գրկեց նրան:
Նա ամբողջ հոգով փորձում էր հանգստացնել ու սփոփել կոտրված մորը, բայց այն, ինչ եղավ դրանից հետո, նույնիսկ ինքը չէր կարող պատկերացնել:
Փոխանակ շնորհակալ լինելու, Սիլվան ամբողջ ուժով հրեց Անիին:
— «Հեռո՛ւ գնա ինձնից, քո չար աչքն ու անեծքն էր, որ աղջկաս դժբախտացրեց ու տունը քանդեց»:
-Կատաղած բղավեց նա:
Նա սկսեց բացահայտ մեղադրել հարսին, թե վերջինս այնքան է նախանձել ու խանդել Մարինեին այդքան երեխաներ ունենալու համար, որ չի բացառվում՝ գուշակների մոտ գնացած լինի ու իր դստեր վրա թուղթ ու գիր արած լինի:
Մինչ Անին ապշահար ու քարացած վիճակով լսում էր սկեսուրի զառանցանքները, Սիլվան, իսկական հիստերիայի մեջ ընկած, հանկարծ ցատկեց ոտքի:
Նա սկսեց տան տարբեր անկյուններում ինչ֊որ թելեր ու կասկածելի իրեր փնտրել՝ մոլեգնած պահանջելով հարսից:
— «Ասա՛, որտե՞ղ ես թաքցրել այդ կախարդանքները, շո՛ւտ ասա տեղերը»:
-Աչքերը չռած գոռաց նա:
Անին սարսափած շրջվեց Գոռի կողմը՝ հասկացնելով, որ նրա մայրը հոգեկան ծանր տագնապի մեջ է, ու շշնջաց:
— «Գո՛ռ, մայրդ իրեն չի տիրապետում, լավ կլինի, եթե շտապ օգնություն կանչենք»:
-Անհանգստացած ասաց նա:
Գոռը, սակայն, մոր վիճակից ավելի գրգռված, կտրուկ շրջվեց կնոջ կողմը և կոպիտ հրամայեց․
— «Ձայնդ կտրի՛ր ու անմիջապես գնա՛ քո սենյակ, չխառնվե՛ս»:
Անին չհակառակվեց և լուռ հեռացավ:
Մորը հազիվ հանգստացնելուց հետո, Գոռը մտավ Անիի սենյակ ու դեմքին սպառնաց:
— «Եթե աշխատանքից տուն եկա ու տեսա, որ մորս հետ ինչ֊որ նոր վեճ է եղել, ձեռքիցս չես պրծնի, հասկացա՞ր»:
-Մատը թափահարելով ասաց նա:
Չսպասելով կնոջ որևէ պատասխանին՝ նա դուռը շրխկացրեց ու գնաց:
Անին ողջ օրը փորձեց ամեն կերպ Սիլվայի սրտով գնալ. նույնիսկ հատուկ նրա համար համեղ թխվածք պատրաստեց ու մոտեցավ նրան:
— «Մամջան, խնդրում եմ, մի փոքր թեյ խմեք ու այս թխվածքից համտեսեք, Ձեզ ուժ է պետք»:
-Մեղմ ձայնով առաջարկեց նա:
Սիլվան, չդավաճանելով իր թունոտ բնավորությանը, դաժան հայացքով նայեց հարսին:
— «Իմ տանը հիմա սուգ ու դժբախտություն է, իսկ դու, քո հավեսին թքած ունենալով ամեն ինչի վրա, նստել թխվածքներ ես սարքում»:
Անին փորձեց արդարանալ ու հանդարտեցնել նրան:
— «Մամ ջան, բայց ախր ես սա արեցի ընդամենը Ձեզ մի քիչ ցրելու ու Ձեր միտքը կտրելու համար»:
Սիլվան քմծիծաղ տվեց ու սառնասրտորեն պատասխանեց:
— «Ինձ ցրել չի հաջողվի, հակառակը՝ դո՛ւ պետք է պատրաստվես, որ շուտով ինքդ ես ցրվելու այս տնից, քանի որ աղջիկս՝ Մարինեն, երեխաների հետ տեղափոխվելու է այստեղ»:
Անին միամտորեն ու առանց որևէ վատ մտքի հարցրեց:
— «Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի, եթե Դուք ինքներդ գնաք Մարինեի տուն ու այնտեղ օգնեք նրան. այստեղ նա երեխաների հետ գուցե իրեն այդքան էլ ազատ չզգա, իսկ իր տանը մենակ է»:
Այդ միանգամայն տրամաբանական հարցը վերջնականապես հունից հանեց Սիլվային:
— «Անամո՛թ, հիմա էլ ինձ ես ուզում իմ սեփական տանից վռնդե՞լ ու տեր դառնալ այստեղ»:
Մոլեգնած ճչաց նա:
Հենց այդ լարված պահին Գոռը ներս մտավ տուն ու, տեսնելով մոր հիստերիան, առանց մտածելու հարձակվեց կնոջ վրա:
— «Անի՛, էլի՞ դու, մինչև ե՞րբ ես էս տանը պատերազմ սարքելու, բոլոր հարցերում միայն դո՛ւ ես մեղավոր»:
-Կատաղած գոռաց նա:
Անին արցունքների միջից փորձեց պարզաբանել, թե իրականում ինչ է եղել և ինչ է ասել ինքը:
— «Գո՛ռ, խնդրում եմ, լսի՛ր ինձ, ես վատ միտք չեմ ունեցել, մայրդ սխալ հասկացավ»:
Հեկեկալով արդարացավ նա:
Բայց կատաղած ամուսինը չցանկացավ լսել ոչ մի բացատրություն:
Նա կոպիտ ու վայրագ ձևով բռնեց Անիի ձեռքից, քարշ տալով տարավ նրան դեպի ննջասենյակ ու այնպիսի ուժգնությամբ շպրտեց ներս, որ կինը թափով ընկավ գետնին ու գլուխը հարվածեց պահարանի սուր անկյունին:
Այդ ծանր հարվածն ու կնոջ ցավը, սակայն, ամենևին չանհանգստացրին հարբած ու կուրացած տղամարդուն:
Նա ուղղակի շրխկացրեց դուռը, և Անին ողջ գիշերն անցկացրեց միայնակ՝ մութ ու սառը սենյակում:
Հաջորդ օրը երեկոյան, երբ Գոռը վերադարձավ աշխատանքից, տեսավ, որ ննջասենյակը դատարկ է, իսկ կնոջ իրերը՝ չկան:
— «Մամ, էս Անին ո՞ւր ա, տունը չի՞, որդեղ նայեցի՝ չկար»:
Տագնապած հարցրեց նա:
Սիլվան անտարբեր դեմքով նայեց որդուն:
— «Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թողած-գնացած է, ու ավելի լավ է՝ վերջնականապես բաժանվես դրանից»:
-Հորդորեց նա:
— «Մի երեխա էլ անգամ չի կարողանում քեզ համար պարգևել, էլ ինչի՞ համար ես պահում նրան քո վզին»:
Քամահրանքով ավելացրեց Սիլվան։
Գոռն այս անգամ այլևս չդիմացավ մոր չարությանը, և ներսի կուտակված ցասումը պայթեց:
— «Դե հերիքա, մամ, ավելի լավ ա՝ դու Մարինեի ու նրա էրեխեքի մասին մտածես։
Մի՛ մոռացիր, որ քո աղջիկը երկու, ու շուտով արդեն երեք երեխայով մեն-մենակ է մնացել փողոցում»:
Դառնությամբ հիշեցրեց Գոռը։
Այս խոսքերն ասելով՝ նա շրխկացրեց տան դուռն ու դուրս նետվեց փողոց:
Անին չէր պատասխանում նրա անդադար զանգերին, ուստի Գոռը որոշեց անմիջապես գնալ կնոջ հայրական տուն:
Սակայն այնտեղ նույնպես Անիին չգտավ. Տ
Տանը միայն զոքանչն էր՝ կնոջ մայրը:
— «Շատ եմ խնդրում, հենց Անին ձեզ հետ կապ հաստատի, փոխանցեք, որ շտապ զանգի ինձ»:
Աղերսագին խնդրեց նա ու ավելացրեց․
— «Անպայման ասեք նրան, որ այն քրեական գործն ամբողջությամբ հանվել է իմ վրայից, ու ես վերջնականապես անմեղ եմ ճանաչվել։
Դա հնարավորություն կտա, որ ես արագ համանման մի լավ աշխատանք գտնեմ, ու մեր գործերը վերջապես կկարգավորվեն, ես նրան հետ կբերեմ մեր սեփական տուն»:
Հույսով լեցուն ձայնով ասաց նա:
Անցավ երկու տանջալից օր, բայց կնոջից այդպես էլ ոչ մի լուր չկար:
Գոռը, անհանգստությունից խելագարված, նորից շտապեց Անիենց տուն և կոպտորեն դիմեց դուռը բացած ծնողներին:
— «Հենց այս պահին ինձ ասե՛ք, թե որտեղ է Անին, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ դիմել ոստիկանություն»:
-Սպառնաց նա:
Անիի հայրն ու մայրը սառնասրտորեն նայեցին նախկին փեսային:
— «Մենք արդեն դիմել ենք իրավապահներին, ու մյուս անգամ չփորձվե՛ս գալ այս տուն. դու այլևս ոչ մի իրավունք չունես, և մեր դռները քո առջև հավերժ փակ են»:
-Կտրուկ պատասխանեցին նրանք:
Գոռի հուսահատ փորձերն ու ուշացած ներողությունները բնավ չօգնեցին ծնողների հետ հաշտվելուն:
Շեմից դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց ու աղերսագին դիմեց նրանց:
— «Խնդրում եմ, Անիին փոխանցեք, որ ես արդեն պայմանավորվել եմ ու մի քանի օրից վարձով առանձին տուն եմ վերցնելու, որպեսզի միասին գնանք ու մեր կյանքով ապրենք»:
Տղամարդը ներքուստ վստահ էր, որ ծնողներն ուղղակի թաքցնում են Անիին, իսկ կինը, իրենից խորապես վիրավորված լինելով, պարզապես վրեժ է լուծում. նա որոշեց սպասել, մինչև Անին հանդարտվի ու ինքնակամ վերադառնա:
Որքա՜ն մեծ եղավ Գոռի զարմանքը, երբ մի քանի օր հետո նրա հեռախոսին անսպասելի հաղորդագրություն ստացվեց, որի հեղինակն Անին էր:
«Գո՛ռ, ես անսահման ուրախ եմ քո հաջողությունների համար, հիմա հոգիս խաղաղ է և հանգիստ:»
Սակայն Գոռի ոգևորությունը վայրկյանական մարեց, քանի որ նամակի վերջին տողերը իսկական հարված էին:
«Բայց խնդրում եմ քեզ, ընդմիշտ մոռացի՛ր ինձ ու փորձի՛ր նոր կյանք կառուցել, անկեղծորեն հաջողություն եմ մաղթում քեզ:»
Ավելացրել էր կինը:
Նամակը կարդալուց անմիջապես հետո նա կատաղի ձևով սկսեց զանգել Անիին, բայց հեռախոսն անհասանելի էր, ուստի շտապ կապվեց կնոջ ծնողների հետ:
— «Ասե՛ք, թե ինչ է կատարվում, որտե՞ղ է իմ կինը»:
Հուսահատության ցնցումների մեջ հարցրեց նա:
Անիի հայրը ծանր շնչեց հեռախոսի մյուս ծայրում:
— «Ճիշտ կլինի, եթե դու լսես մեր դստեր խորհուրդն ու նոր կյանք սկսես»:
Պատասխանեց հայրը:
Գոռի երկարատև ու կոտրված խնդրանքներից հետո միայն տղամարդը համաձայնեց բացել փակագծերը:
— «Այն օրը, երբ դու եկել էիր մեր տուն, Անին իսկապես այստեղ էր, բայց պարզապես չուզեց դուրս գալ սենյակից ու տեսնել քեզ:
Երբ նա իմացավ, որ քո վրայից հանել են քրեական գործը, և դու արդեն կարող ես հանգիստ վերադառնալ բարձր աշխատավարձով աշխատանքի, անսահման ուրախացավ, բայց նրա որոշումն անդրդվելի էր»:
Ավելացրեց նա:
Այո՛, Անին սիրում էր նրան ու ուրախ էր նրա փրկության համար, բայց հստակ որոշել էր այլևս երբեք չվերադառնալ այն տուն, որտեղ իրեն նվաստացրել էին:
Գոռը, դեռ չհավատալով լսածին, փորձեց ինքն իրեն սփոփել:
— «Ոչինչ, նա հիմա երևի դեռ անհանգիստ ու բորբոքված վիճակում է, շատ շուտով կհանդարտվի ու ետ կգա»:
Ինքն իրեն համոզելով շշնջաց նա:
Անիի հայրը, սակայն, մեկ վայրկյանում փշրեց նրա վերջին հույսը:
— «Ես այդպես չեմ կարծում, Գո՛ռ, քանի որ ընդամենը մեկ ժամ առաջ ես անձամբ ճանապարհեցի դստերս արտերկիր»:
Ցավով ու հաստատակամ ասաց հայրը:
Սկզբում Գոռը բնավ չհավատաց լսածին և կատաղեց՝ կարծելով, թե իրեն պարզապես հիմարի տեղ են դնում:
Սակայն րոպեներ անց նրա սիրտը սառեց, երբ հասկացավ, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է:
Անիի հայրը ծանր ու վճռական տոնով շարունակեց խոսել:
— «Ես աղջկաս խոստացել եմ, որ քեզ երբեք չեմ հայտնի, թե կոնկրետ որ երկիր է մեկնել, ու բացառված է, որ դրժեմ խոստումս. ինձ համար դստերս խաղաղությունից թանկ բան այս աշխարհում գոյություն չունի»:
Գոռի անթիվ ու անդադար աղաչանքները մնացին անարդյունք:
Տղամարդը նորից դիմեց հուսահատված փեսային:
— «Ավելի լավ է՝ ոչ մի բան չանես, Գո՛ռ. եթե աղջիկս մի օր որոշի, որ պետք է վերադառնա, ապա ոչինչ չի կարող նրան հետ պահել, ու չնայած քո արածներին, ես թույլ կտամ դա, եթե միայն դուստրս այդպես կամենա»:
Սառնասրտորեն ավելացրեց նա:
Գոռի փորձերը՝ կնոջ մայրիկից գոնե մի չնչին տեղեկություն կորզելու, նույնպես ապարդյուն անցան:
Անցան ամիսներ, բայց Անիից այդպես էլ ոչ մի լուր, ոչ մի շշուկ չեղավ:
Գոռը մեծ դժվարությամբ ու սրտի կսկիծով վաճառեց իրենց ձեռք բերած նոր բնակարանը, որի պատերի մեջ այդպես էլ անկատար մնացին իրենց նվիրական երազանքները:
Նա արդեն մեխանիկորեն համակերպվել էր այն դաժան մտքի հետ, որ Անին այլևս երբեք չի վերադառնալու իր մոտ:
Հոգեպես դատարկված Գոռը, տուրք տալով մոր ամենօրյա հիստերիկ պահանջներին ու ճնշումներին, Անիի հեռանալուց դեռ մեկ տարի էլ չանցած, նշանվեց մի այլ աղջկա հետ:
Այդ ընթացքում Գոռի քույրը՝ Մարինեն, երեխաների հետ վերջնականապես տեղափոխվել էր իրենց տուն:
Իսկ Գոռը ժամանակ անց նորից ամուսնացավ և ընդամենը մեկ տարի հետո երեխա ունեցավ:
Սակայն այդ երկար սպասված թոռան ծնունդը ոչ մի կերպ չերջանկացրեց տիկին Սիլվային:
Նա ամեն օր սեփական աչքերով տեսնում էր, թե ինչպես է որդին կենդանի դիակի պես ապրում նախկին կնոջ հիշողություններով, ու գրեթե ոչինչ այլևս չէր գոհացնում ու խաղաղեցնում տղամարդուն:
Նույնիսկ անցնող տարիները չէին սպիացնում Գոռի սրտի խորխորատները:
Բայց մի օր տեղի ունեցավ մի անհավատալի բան, որը պարզապես շանթահարեց նրա հոգին:
Համացանցը թերթելով՝ նա հանկարծ նկատեց մի աղջկա, ով ապշեցուցիչ չափով նման էր Անիին:
Տղամարդն անմիջապես մտավ նրա անձնական էջ, թեև գրանցված անունը լիովին այլ էր:
Մի քանի լուսանկար թերթելուց հետո նա վերջնականապես համոզվեց, որ էկրանից իրեն է նայում իր նախկին կինը՝ իր միակ Անին:
Գոռի սիրտն սկսեց կատաղի արագությամբ խփել, ու թվում էր, թե ուր որ է կպայթի կրծքավանդակում:
Սարսուռը պատեց նրան, երբ հերթական լուսանկարում տեսավ Անիին՝ մի փոքրիկ երեխայի հետ, ով արտաքնապես ջրի երկու կաթիլի պես նման էր իրեն:
Դրսում խորը գիշեր էր, և ներսի կուրացնող լարվածությունը մի փոքր ցրելու համար Գոռը որոշեց դուրս գալ պատշգամբ՝ ծխելու:
Տղամարդու ամբողջ մարմինն սկսեց անկանոն դողալ:
Նա ուղղակի վախենում էր մատը հեռացնել հեռախոսի էկրանից՝ մտածելով, թե այդպես նորից ու ընդմիշտ կկորցնի իր Անիին:
Մի քանի գլանակ իրար հետևից ծխելուց հետո, նա վերջապես իր մեջ գերմարդկային համարձակություն գտավ ու հաղորդագրություն գրեց կնոջը, ով օտար անվան տակ էր թաքնվել:
Ոչ մի պատասխան չկար:
Մի քանի օր շարունակ նա հեռախոսը բաց չէր թողնում ձեռքից՝ ամեն մի վայրկյան սպասելով Անիի արձագանքին:
Գոռն արդեն լիովին կորցրել էր հույսը, բայց շարունակում էր ամեն օր հարցական նշաններ ուղարկել՝ փորձելով գոնե մի չնչին պատասխան կորզել նրանից:
Ու մի առավոտ, երբ նա արթնացավ զարթուցիչի ձայնից, սովորության համաձայն վերցրեց հեռախոսը, որպեսզի անջատի այն, ու հանկարծ նկատեց, որ նոր նամակ ունի՝ ուղարկված Անիի կողմից:
Նա ուզեց միանգամից բացել այն, բայց վերջին ակնթարթին փոշմանեց:
Չնայած նրան, որ մի շաբաթից ավելի ամեն օր ու ամեն րոպե սպասել էր հենց այդ բառերին, այդ պահին նա պարզապես չհամարձակվեց բացել երկար սպասված նամակը:
Նա սարսափում էր, որ այդ տողերը կարդալուց հետո վերջնականապես կկորցնի իր հույսը, ուստի հեռախոսը զգուշությամբ մի կողմ դրեց, արագ հագնվեց ու աննպատակ դուրս նետվեց տանից:
Ճանապարհին նա անդադար նայում էր հեռախոսի սառը էկրանին՝ ինքն իրեն խաբելով ու պատկերացնելով, թե դա հերթական սովորական նամակն է իր նախկին կնոջից:
Նա պատշգամբում կանգնած երազում էր, թե ինչպես է հիմա բացելու այն ու տեսնի, թե ինչպես է իր Անին՝ իրեն հատուկ անսահման ոգևորությամբ գրել, որ նոր ու գեղեցիկ իր է գտնել իրենց տան համար:
Գոռն ամբողջ հոգով սպասում էր, որ Անին հեսա, ուր որ է, զանգահարելու է ու բարկացած հարցնի, թե ինչու չի վերցնում հեռախոսը, ապա հայտնի իր հերթական անակնկալ գնումների մասին, իսկ ինքը սովորության համաձայն կսկսի ձևականորեն բարկանալ:
Բայց լսելով կնոջ սիրառատ ու ուժ տվող ձայնը՝ նա նորից կմխիթարվի, կխաղաղվի ու իրեն լիարժեք տղամարդ կզգա:
Այդ ամենակուլ ու պատրանքային մտքերի մեջ կորած քայլում էր փողոցով, երբ հանկարծ հնչեց հեռախոսի զանգը:
Էկրանին հայտնվեց իր ներկայիս կնոջ անունը, ով մեղմ ձայնով խնդրեց նրան:
— «Սիրելիս, երբ աշխատանքից տուն վերադառնաս, խնդրում եմ, ճանապարհին քեզ հետ մի տաք հաց բեր»:
Ասաց նա:
Այդ կենցաղային ու սովորական զանգը մեկ ակնթարթում կտրեց Գոռի կապը հեքիաթային մտքերի հետ և նրան անողոքաբար երկնքից վար իջեցրեց դեպի դաժան իրականություն:
Այդպես նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհամարձակվեց բացել և կարդալ այդ նամակը:
Ուշ երեկոյան, երբ վերադարձավ տուն, սպասեց այնքան ժամանակ, մինչև գիշերվա լռությունը պատեց աշխարհը, ու բոլորը քնեցին:
Նա ծանր քայլերով դուրս եկավ պատշգամբ, դողդոջուն ձեռքերով կպցրեց ծխախոտը, վերցրեց հեռախոսն ու դանդաղորեն, սարսուռը կոկորդում սեղմած, սեղմեց նամակի վրա, բացեց այն ու սկսեց կարդալ Անիի հաղորդագրությունը, որտեղ գրված էր հետևյալը։
«Գո՛ռ, այն գիշեր, երբ դու ուշ ժամի ինձ դուրս շպրտեցիր տնից, ու ես ստիպված եղա լուսացնել բաց երկնքի տակ, իմ կրծքի տակ արդեն բաբախում էր մեր բալիկի սիրտը:»
Կարդաց նա, ու պատշգամբի օդը մեկ վայրկյանում սառեց:
«Ես հենց այդ օրն էի իմացել հղիությանս մասին, բայց չցանկանալով այդ ծանր վեճի ու լարվածության մեջ կիսվել այդ լուրով, որոշեցի սպասել:
Մտածում էի՝ ամեն ինչ կխաղաղվի, ու գիշերը, երբ պատրաստվենք քնելու, քեզ կհայտնեմ մեր այդքան սպասված լուրը, բայց տաք սենյակի փոխարեն ես լուսաբացը դիմավորեցի շենքի բակի սառը տաղավարում:
Առավոտյան, երբ դու եկար ինձ մոտ, ես պարզապես չգիտեի, թե ինչպես հայտնեմ քեզ այդ մասին. բառեր չգտնելով՝ հուզմունքից ու կարոտից միայն փաթաթվեցի ու պինդ գրկեցի քեզ:
Երբ դու ասացիր, որ երեկոյան միասին ռեստորան ենք գնալու, մտածեցի, որ դրանից ավելի հարմար միջավայր ու ժամանակ չէր կարող լինել մեր մեծ գաղտնիքը բացելու համար:
Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ տուն եկանք ու իմացանք Մարինեի դժբախտության մասին:
Ու երեկոյան, երբ դու վերադարձար աշխատանքից ու տեսար մորդ հիստերիան, առանց որևէ պարզաբանում լսելու կոպիտ բռնեցիր թևիցս ու շպրտեցիր սենյակ.
Նույնիսկ իմ գետնին ընկնելն ու գլխիս հարվածը պահարանին ոչինչ չփոխեցին քո մեջ:
Այդ դաժան ակնթարթին ես այնպե՜ս էի ուզում ամբողջ ձայնով գոռալ, որ քո որդուն եմ կրում, բայց վախեցա. իմ ամբողջ ուշքն ու միտքը միայն մեր փոքրիկին փրկելն էր:
Այդքան հանդուրժելն ու անվերջ համբերատար լինելը ոչ մի արդյունք չտվեցին:
Ես ամեն ինչ արեցի, որ հետ բերեմ իմ երբեմնի հարազատ Գոռին, բայց իմ մոտ ոչինչ չստացվեց, դու արդեն օտար էիր:
Ես հասկացա, որ շարունակելով ապրել քո կողքին, ժամանակի ընթացքում կարող էի վտանգել նաև մեր երեխայի կյանքը, ուստի որոշեցի հեռանալ, քանի որ դու օրեցօր ավելի անխոհեմ ու վտանգավոր էիր դառնում:
Ծնողներիս օգնությամբ ես անմիջապես լքեցի երկիրը՝ միայն թե հեռու լինեմ քեզնից, բայց հետագայում, երբ իմացա, որ դու արդեն նշանվել ես, այլևս նպատակահարմար չգտա վերադառնալ ու քայքայել քո նորաստեղծ հարաբերությունները:
Խնդրում եմ, մոռացի՛ր ինձ ու ապրիր քո նոր կյանքով, բայց հիշիր՝ իմ սեփական, երբեմնի հարազատ Գոռը մշտապես կլինի ինձ հետ, իմ կողքին, քանի որ նրա մի մեծ մասնիկը՝ մեր որդու տեսքով, կշարունակի ապրել ինձ հետ:»
Այսպես ավարտվեց նամակը, որն իսկական մահապատիժ էր տղամարդու համար:
Կարդալուց հետո Գոռը, դողացող ու թուլացած մատներով, հուսահատորեն փորձեց նորից պատասխան գրել Անիին:
Սակայն համակարգն այլևս թույլ չտվեց ուղարկել հաղորդագրությունը, քանի որ Անին վերջնականապես ջնջել էր իր անձնական էջը:
Գոռն այդ նույն պահին, պատշգամբի ցրտին կանգնած, ամբողջ հոգով ու մարմնով հասկացավ, որ ընդմիշտ ու անդառնալիորեն կորցրեց իր կյանքի միակ սերն ու սեփական որդուն:
Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը տասնմեկին, տանը իսկական եռուզեռ էր:
Բոլորը վազվզում էին, խառնված էին իրար և շտապում էին ավարտել վերջին նախապատրաստությունները, որպեսզի հասցնեն մինչև կեսգիշեր:
Այդ իրարանցման մեջ Գոռն անսպասելիորեն, առանց որևէ մեկին բան ասելու, վերցրեց վերարկուն ու դուրս եկավ տանից:
Նա շտապ նստեց առաջին իսկ պատահած տաքսին ու խեղդվող ձայնով դիմեց վարորդին:
— «Խնդրում եմ, ինձ տարե՛ք այս հասցեով՝ մեր հին, երբեմնի նոր տան մոտ»:
Ցածրաձայն հրահանգեց նա:
Ճանապարհին նա խնդրեց կանգնել խանութի մոտ, գնեց ընդամենը մեկ շիշ շամպայն ու շարունակեց ճանապարհը:
Տեղ հասնելով՝ նա դանդաղ իջավ մեքենայից, կանգնեց բազմահարկ շենքի դիմաց, գլուխը ծանրորեն բարձրացրեց ու նայեց իրենց նախկին բնակարանի լուսավոր պատուհանին:
Այնտեղ վաղուց արդեն ուրիշ, անծանոթ մարդիկ էին ապրում ու ուրախ տոնում:
Գոռը կուրորեն պատկերացրեց, թե Անին ու իրենց փոքրիկ որդին հենց այդ պահին հենց այդ պատերի ներսում են, պատրաստում են տոնական սեղանն ու անհամբեր հենց իրե՛ն են սպասում, որպեսզի միասին դիմավորեն Ամանորը:
Խոշոր ու մեծ փաթիլներով տեղացող ձյունը թափվում էր Գոռի դեմքին ու աչքերին, սակայն ոչ մի բան չէր կարողանում շեղել նրան:
Նա անթարթ ու անդրդվելի հայացքով ուշադիր նայում էր այդ լուսավոր ապակուն՝ մտովի կերտելով իր և Անիի չստացված, երանելի ու կորսված կյանքը:
Հանկարծ շուրջբոլորը պայթեցին հրավառության բարձր ու խուլ ձայները, ինչից նա հասկացավ, որ ժամն արդեն ուղիղ 12-ն է:
Նա դողացող ձեռքերով տրաքացրեց շամպայնի շիշը, հայացքը սևեռեց դեպի մութ երկինքն ու մի շնչով խմեց:
— «Այս մեկը քո ու իմ հավերժ թաղված երազանքների համար, Անի՛»:
Դատարկության մեջ շշնջաց նա:
Երկնքից անդադար թափվող ձյան սառը փաթիլները խառնվում էին Գոռի այրող արցունքներին՝ անհաջող ու ապարդյուն փորձ անելով մաքրել նրա ներսում եղած անսահման մեծ ու անբուժելի ցավը:
Բայց ցավոք, միշտ չէ, որ մենք հասցնում ենք ուղղել մեր գործած սխալները։
Добавить комментарий